Ամսագիր Մայիս 2013 Կայարանի տապանը

26 Ապրիլ 2013, 14:54
153 |

Կայարանի տապանը

Արվեստասեր կապտադեղին արա թութակ Մոդիլյանիին ու նրա ընկերուհի Կեշային, 60-ամյա կրիային, գորշ կոկորդիլոսանման կայման Ռամզեսին, կապտադեմ և կարմրապոչ կապիկներ Չիչիին, Պեպիին, Ջոնիին, Մռիկին ու շատ ուրիշ էկզոտիկ կենդանիների կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ գտնվող մշակույթի պալատ տեղափոխված երևանյան «Էկզոտարիումում»:

Այցելուների համար էկզոտարիումի դռները բացվում են առավոտյան ժամը 10:00-ին, փակվում՝ 18:00-ին: Իսկ աշխատակից-ները տուն են գնում կեսգիշերից հետո` առավոտյան 08:00-ին, կրկին շտապելով կենդանիների մոտ: Նրանց օրը սկսվում է յուրաքանչյուր վանդակի մոտ կատարվող շրջայցից, որին հաջորդում են մաքրման աշխատանքներն ու նախաճաշը:
Մուտքի դռներից այն կողմ տեղի ունեցողը հանգիստ կարելի է զոո-թատրոն անվանել. Կուսկո անունով չորս ամսական լաման զբոսնում ու խաղում է այցելուների հետ, կակադուներն ու արաները թռչում են գլխիդ վրայով` չմոռանալով ողջունել` «բարև» ու կրկնօրինակել յուրաքանչյուր խոսքդ: 27 տարի Երևանում բնակվող թութակ Կուկունյան զարմացնում է իր երգերով ու պարերով: Ի դեպ, վերջինս ընկերուհու` սպիտակ կակադու Կոկոյի հետ դերասանուհիներ են` վեց ֆիլմում են նկարահանվել: Սև ագռավ Պլատոնը տեղի փիլիսոփան է, սիրում է կոպեկներ հավաքել ու պահել թաքստոցում: Մի անգամ աշխատակիցները մի քանի հազար դրամի համարժեք կոպեկներ էին գտել թաքստոցից, բայց Պլատոնը չի սիրում, երբ դիպչում են իր «կարողությանը»: Վագրանախշ պիտոնը ձվադրության խնդիրներ է ունեցել: Նարկոզով վիրահատվելուց հետո 10 տարուց ավելի է՝ առողջ ապրում է: Իր բարդությամբ եզակի այս վիրահատության պատմությունը մինչև CNN հեռուստաալիք էր հասել...
«Էկզոտարիում» ընկերությունը բացվել է 2005 թվականին: Կենդանիները, որ ԱՊՀ երկրներում ամենահայտնի և յուրահատուկներից են, «Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանի` 29 տարվա պատմություն ունեցող անհատական հավաքածուն են: Կարենի` պատանեկան տարիքի հոբին ժամանակի ընթացքում կենսակերպի վերածվեց: Կենսաբանը հիշում է` յոթ տարեկան էր, երբ կազմակերպվեց իր առաջին ցուցահանդեսը: Մնացածի մասին՝ Կարենի խոսքերով:

«Սողունների զարմանահրաշ աշխարհում»
Մանկուց բակից բռնած մողեսներ, մորեխներ, տզրուկներ, գորտեր էի պահում: Հավաքածու բառը կենդանիների դեպքում այնքան էլ ճիշտ չէ`ընտանիքիս անդամներն էին: Երբ կենդանիներ էի տեսնում, աչքիս էլ ոչ մի բան չէր երևում: Որևէ խաղալիք կամ զբաղմունք չէր կարող փոխարինել կենդանիների հետ շփումը: Տանը դեմ էին, մանավանդ երբ 19 տարեկանում թունավոր օձ բերեցի: Մայրս ասաց, որ նույնիսկ կհամաձայնվի փոխարենը գետաձի պահել:
Արվեստագետների ընտանիքում եմ ծնվել, Կոջոյանի անվան դպրոցն եմ ավարտել, բայց սերը կենդանիների ուսումնասիրության հանդեպ ավելի ուժեղ գտնվեց, քան նկարչությունը:
Կենդանիներիս հավաքածուն շատ արագ մեծանում էր: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միության տարբեր ծայրամասերում ընկերներ ունեի, նամակագրական կապի մեջ էինք, կենդանիներ էինք փոխանակում, ուսումնասիրություններ կատարում: 1996 թվականին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց այժմյան «Էկզոտարիումի» նախատիպը: Քանի որ կաթնասունները ցուցադրված չէին, ցուցահանդեսը վերնագրել էի «Սողունների զարմանահրաշ աշխարհը»: Չէի սպասում, որ մեր քաղաքացիները սողունների հանդեպ մեծ հետաքրքրություն կցուցաբերեն, բայց պարզվեց, որ Երևանում դրանց սիրահարները քիչ չեն: Ցուցահանդեսի հաջողությունը մեծ խթան էր ինձ համար, արդեն սկսեցի համագործակցել արտասահմանյան կազմակերպությունների հետ:

Կարդացեք հոդվածը ամբողջությամբ՝ PDF ձևաչափով